Ծույլ տղան

Ղազարոս Աղայան

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:
— Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ անելու. պետք է մատներով փոքր- ինչ բամբակով տաք — տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:
— Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի:
— Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ: Շարունակել կարդալ

ԱՐԵՎ

Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Ղազարոս Աղայան

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Կենդանիների վեճը․ Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

— Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում, — ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել: Շարունակել կարդալ

Մարմնամարզական խաղ․ աշխատանքային երգ

Ահա՛ եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին,
Բոլոր խոտը սա հարել է,
Բան չի թողել մեր հանդին։

— Ա՛յ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ինչպե՞ս ես խոտ հարում․
— Այսպես ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում․ Շարունակել կարդալ