ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ — Հովհաննես Թումանյան

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂ՝ Բութ մատն ասաց

Բութմատն ասաց`գայլն եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

Ինչպե՞ս փախչեմ:

Լուսաբացին — մշակումը՝ Հովհաննես Թումանյանի

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
(
Ժողովրդական)


— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Փոխանցում եմ մեդիահմտություններ

Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները փոխանցում են մեդիահմտություններ՝ 2.1 դասարանի իրենց կրտսեր ընկերներին։

Paint նկարչական ծրագրի գործիքների կիրառում, Video Editor մոնտաժային հավելվածի օգնությամբ մեդիաընթերցարանների ստեղծում:

Շարունակել կարդալ