Նախաբան․

Ինչպե՞ս օգնել, կազմակերպել, որպեսզի ընտանեկան դպրոցներում այս ամռան ամիսների ընթացքում 6 տարեկանները դառնան տառաճանաչ (գրաճանաչ) առանց կտրվելու խաղային գործունեությունից, ամառվա վայելքից ու հրճվանքից:  Այս հարցի պատասխանի փնտրտուքը ինձ տարավ դեպի Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» աշխատություն, ինչպես նաև Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք», «Տառուսուցում. ոչ թե նպատակ՝ այլ միջոցներից մեկը», «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածներ:

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիա

Նախագծի մասնակիցներ՝ 6 տարեկաններ և ընտանիքի անդամներ

Նախագծի տևողությունը-հուլիս- օգոստոս ամիս

Նախագծի ուղղություններն են՝

1․Ընտանեկան ամառային խոհանոց

2․Մրգային , բանջարեղենային բառատոն

3․Մրգային, բանջարեղենային ուրախ մաթեմատիկա

4․Մրգային, բանջարեղենային Paint նկարչական ծրագիր

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • բառուսուցման հմտությունների ձևավորում,
  • բառ կազմելու հմտությունների ձևավորում, զարգացում։
  • միասին աշխատելու հմտությունների զարգացում,
  • մանր մոտորիկայի զարգացում,
  • բանջարեղենի կամ մրգի ճանաչողություն, տարբերակում,
  • ծանոթացում ավանդական չրատեսակներին,
  •  մաթեմատիկական հմտությունների զարգացում,
  • խոհանոցային հմտությունների զարգացում։
  • մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Խնդիրները՝ 

  • ամառային մրգերի և բանջարեղենի համտես-բառուսուցում՝ գրել մրգերով, բանջարեղեններով կամ դրանց կտորներով, կտերով, հատիկներով, կորիզներով։
  • ճանաչել միրգը, բանջարեղենը,
  • ինչպես լվանալ,
  • ինչպես մաքրել միրգը, բանջարեղենը,
  • ինչպես կտրատել,
  • որտեղ եփել,
  • ինչպես եփել,
  • ինչպես չորացնել։

Նախագծի ընթացքում սովորողը ընտրում է իր սիրելի միրգը(մրգերը) կամ բանջարեղենը, համտեսում,պատմում դրանց ծագման, համի մասին։

Մրգերով կամ բանջարեղենով մայրիկի օգնությամբ գրում է ամառ բառը, այդ մրգերի կամ բանջաեղենի անունները , իր անունը, խաղում է գրած բառի հետ` տառ հանել, ավելացնել, վանկատել, կարդալ։

Իրենց սիրելի մրգով կամ բանջարեղենով (կտորներով) հաշվում մեկից մինչ տասը թվերը,հետ հաշվարկ կատարում, ներկայացնում զույգ և կենտ թվերը։

Մայրիկի կամ տատիկի օգնությամբ սովորողը ներկայացնում է որևէ մրգային կամ բանջարեղենային բաղադրատոմս (աղցան, հյութ, աղանդեր և այլն) կամ ինչպես մրգերից և բանջարեղենից պատրաստել չիր, քանի որ հիմա բոլորի տանը ամառային չրատոնի տրամադրություն է տիրում։

Paint նկարչական ծրագրի միջոցով նկարում է ամառ, մրգեր կամ բանջարեղեն, մայրիկի օգնությամբ մուտքագրում իր նկարած բառը և նկարը ուղարկում դասվարին։

Պատրաստած տեսանյութերը ուղարկել դասվարի էլ փոստին՝

k.kharatyan@mskh.am

Նախագծերի ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Դիտեք նմանատիպ օրինակներ՝

Ալյուրոտ բառեր

Տառաճանաչություն՝ ընտանեկան նախագծեր

Համեղ տառթխիկ

Մրգային զույգ և կենտ թվեր

Աշխատում ենք աղով

Ուսումնական խաղեր. Կազմում ենք բառեր