Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին: Փոքրիկ ավտոբուսը նույնպես ցերեկները տանում-բերում էր: Բայց հենց մութն ընկնում էր՝ վե՛րջ. Ախր ինքը մթից շատ էր վախենում:  Մի օր մայրն ասում է նրան.

— Մի բան պատմեմ՝ լսիր:  Շատ վաղուց  մի Մութ էր ապրում: Էս Մութը վախենում էր ավտոբուսներից: Մի օր նրա մայրը… Գիտե՞ս՝ ով էր նրա մայրը, գեղեցկուհի Հիրիկը: Հա՛, մայրը մի օր ասում է Մութին.

_Պետք չէ վախենալ: Եթե դու վախենաս դուրս գալ, վախենաս  աշխարհը մթով ծածկելուց, մութը չի ընկնի, մարդիկ այդպես էլ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, որ երկնքում փայլելու ժամանակն է: Դե, ի՞նչ կասես:

Այդ ժամանակ Մութը, որ մինչ այդ պահ էր մտել Արևի թիկունքում, սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա:

Քաղաքում ավտոբուսները սլանում են իրար ետևից: Մութը սիրտ է անում ու մի քիչ էլ է իջնում ներքև: Փողոցում լապտերները կամաց-կամաց սկսում են վառվել, վարորդներն էլ իրենց մեքենաների լույսերն են վառում: Վերջապես Մութն ամբողջովին իջնում է քաղաքի վրա:  Նա  չի հասցնում ուշքի գալ, երբ նրա միջով մի ավտոբուս է սլանում: Ի՞նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր, ափսոս մի քիչ խուտուտ էր զգում:

Հետո Մթի միջով  էլի  մի քանի ավտոբուս է անցնում: Նրանց մեջ լույսեր են վառվում, մարդիկ տոմսեր են գնում, նստում ու կանգնում են:  Մի խոսքով՝ ժամանակը շատ լավ էր անցնում:
Մի քիչ ուշ դուրս է գալիս Լուսինը, իսկ մութը տների հետ պահմտոցի է խաղում:

Առավոտյան դարձյալ ծագում է արևն ու Մթին ուղարկում տուն՝ մայրիկի մոտ: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից: Երբ մայրիկ – ավտոբուսը վերջացնում է իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասում է.

– Լավ, ես էլ կգնամ:

Վարորդը գալիս է, շարժիչը միացնում, մարդիկ գալիս են, նստում տեղերում, տոմսավաճառը զանգը տալիս է, և փոքրիկ ավտոբուսը գնում է ուղիղ Մթան միջով: Նա մարդկանց գլխավոր փողոցով տանում էր  մեծ քաղաք, որը հենց ծովի մոտ էր գտնվում:

Դոնալդ Բիսեթ