Մարմնամարզական խաղ․ աշխատանքային երգ

Ահա՛ եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին,
Բոլոր խոտը սա հարել է,
Բան չի թողել մեր հանդին։

— Ա՛յ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ինչպե՞ս ես խոտ հարում․
— Այսպես ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում․ Շարունակել կարդալ

Գույներ

Մենք աչքով չենք տեսնում աղին ու անալին, կոշտն ու կակուղը, վարդահոտն ու խնկահոտը, սոխակի անուշ ծլվլոցը և ագռավի խռպոտ կռկռոցը։

Բայց տեսնում ենք, որ աղը սպիտակ է, վարդը  կարմիր, խունկը  դեղին, սոխակը մոխրագույն, ագռավը  սև։

Ուրեմն մենք տեսնում ենք առարկաների գույնը, որ լինում է — սև, սպիտակ, կանաչ, կարմիր, կապույտ, դեղին, շէկ, մոխրագույն, նախշուն, պուտպուտ, պուտպուտուրիկ (խայտ-խայտ, խայտուտիկ, խայտաբղետ, խայտախարխ)։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գույներ են երևում ծիածանի մեջ։
  2. Ի՞նչ առարկաներ գիտեք․
    սպիտակ՝ ինչպես մածունը, բրինձը, աղը, արծաթը,
    սև՝ ինչպես մուրը, ածուխը, հասած մոշը, ագռավի փետուրը,
    կարմիր՝ ինչպես արյունը, հոնը,  գինին, նռան հատիկները, ձմերուկի մեջը։
  3. Թվարկիր նաև մյուս գույներով քո իմացած առարկաները, երևույթները։

Աղբյուրը՝ Ղազարոս Աղայան
 «Ուսումն մայրենի լեզվի», ընթերցարան, երկրորդ և երրորդ տարի
ԹԻՖԼԻՍ, 1883