Ծաղիկները. Հովհաննես Թումանյան

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

 

1908

Սաթոյին գովելու համար ենք եկել

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,
Չորեք դիմաց մազ ունիս,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,
Սաթոյին գովելու համար ենք եկել
Մեր տուն գալու կամ ունիս,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,
Սաթոյին գովելու համար ենք եկել,
Մեջը ոսկի սուն ունիմ,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,
Սաթոյին գովելու համար ենք եկել,
Ունքերըդ մարդ կըվառեն,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,
Սաթոյին գովելու համար ենք եկել,
Իստակ սիպտակ մարմար են,
Սաթոյին տանելու համար ենք եկել

Թագվոր, քո ձիուն

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թամքըն էր ոսկի: 

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղոլանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղասղանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Զանգին էր ոսկի:

Աղբյուրը՝ Մարինե Ոսկանյանի բլոգ