Գորտերի խաղը․ Աթաբեկ Խնկոյան/փոխադրությունը ռուսերենից/

ԳՈՐՏԵՐԻ ԽԱՂԸ
(Ռուսերենից)

Լուսնյակ գիշեր…
Լիճը խաղաղ
Ուռած թշեր
Գորտերի խաղ:
Գորտի բանակ,
Գորտի նվագ…
Սրախոսում…
Զրախոսում…
Քեռու մասին
Էս են ասում.
— Քեռին մեռել ա՛
Քեռին մեռել ա՛…
— Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ,
— Մե-կեկել օ՜ր, մե-կեկել օ՜ր,
Ղո՜րդղո՜րդղո՜րդղո՜րդ:
Ուռել ա, մեռել ա, լռել ա,
Կըկը-կա, մըկը-կա, մեռել ա,
Կանչեք տատը գլխին լա…

Գորտ տատիկը բարկացավ,
Չուստերն հագավ, վերկացավ
Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ
Գիժ թոռները չըփչըփչըփ,
Տոտ ու տոտիկ չռեցին,
Ջուրը չընկած՝ լռեցին:

Ոսկե ձվիկը․ Աթաբեկ Խնկոյան/փոխադրություն ռուսերենից/

ՈՍԿԵ ՁՎԻԿԸ
(Ռուսական)

Պապի, տատի չալ հավիկ
Ածեց ոսկե մի ձվիկ.
Տո՜ւր որ տվեց Պապիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Տո՜ւր որ տվեց Տատիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Մին էլ վազեց մկնիկը,
Պոչահարեց ձվիկը,
Ձվիկն ընկավ կոտրվեց:
Լաց է լինում Պապիկը,
Լաց է լինում Տատիկը,
Կըռկըռում է հավիկը.
— Մի՜ լար, Պապի՜կ,
Մի՜ լար, Տատի՜կ,
Նորից կածեմ ես մի ձվիկ.
Ձվիկ, ձվիկ,
Ձվեղեն,
Էլ չի լինի ոսկեղեն:

 

Գիրք․ Աթաբեկ Խնկոյան

Ասա տեսնեմ,
Իմ սիրուն գիրք,
Էս ինչե՞ր կան
Ծոցիդ միջին.
Ճստան մուկը,
Ոսկի ձուկը,
Թիթեռ, բզեզ
Գույն-գույն, պես-պես.
Բադն ու բուլիկ,
Գառն ու ուլիկ,
Կաքավ ու լոր,
Շլոր, սալոր:
Ասա՜, պատմի՜ր
Իմ ականջից,
Շատ բան գիտես
Ամեն ինչից:

Դե՛հ, շո՜ւտ պատմիր,
Իմ խելոք գի՜րք,
Մատաղ կանեմ
Քեզ խաղ ու միրգ:

 

Մի էծ ունեմ․ Աթաբեկ Խնկոյան

Մի էծ ունեմ
Հինգ վեց ուլով,
Կաթը կըթեմ
Կուժով, կուլով,
Մածուն մերեմ
Կճուճներով,
Եղը հանեմ
Լվի տկով,
Բառնամ սելին
Մեծ-մեծ ակով,
Քաղաք տանեմ
Յոթ լուծ մկով,
Հո՜, հո՜ անեմ
Ուղտի պոչով,
Ճամփեն երթա
Կատվի քուչով:
Թե չհասնի
Էդտեղ վնաս,
Քեռի Մինաս,
Ինձ հյուր կըգաս: